Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 7

:
Armenian - 2018
1 Եվ երբ թագավորը բնակվեց իր տանը, և Տերը նրան հանգստացրեց իր շրջակայքի բոլոր թշնամիներից,
2 թագավորը Նաթան մարգարեին ասաց. «Ահա ես բնակվում եմ եղևնափայտե տան մեջ, իսկ Աստծու տապանակը գտնվում է վրանում»։
3 Եվ Նաթանն ասաց թագավորին. «Ամեն ինչ, որ կա սրտիդ մեջ, գնա՛ և արա՛, որովհետև Տերը քեզ հետ է»։
4 Եվ նույն գիշերը Տիրոջ խոսքը եղավ Նաթանին՝ ասելով.
5 «Գնա՛ և իմ ծառա Դավթին ասա՛. “Այսպես է ասում Տերը. "Դո՞ւ պիտի ինձ համար բնակվելու տուն շինես։
6 Որովհետև այն օրից, ինչ Իսրայելի որդիներին հանեցի Եգիպտոսից, մինչև այսօր չեմ բնակվել տան մեջ, այլ ման եմ եկել վրաններով և տաղավարներով։
7 Եվ ամեն տեղ, ուր եղել եմ Իսրայելի որդիների հետ, մի՞թե մի բան խոսեցի Իսրայելի ցեղերից մեկի հետ, որոնց հրաման եմ տվել հովվելու Իսրայելի իմ ժողովրդին, ասե՞լ եմ արդյոք, թե ինչո՛ւ եղևնափայտե տուն չշինեցիք ինձ համար"”։
8 Եվ հիմա իմ ծառա Դավթին այսպե՛ս ասա. “Այսպես է ասում Զորությունների Տերը. "Ես քեզ վերցրի արոտավայրից՝ ոչխարների հետևից, որ իշխան լինես իմ ժողովրդին՝ Իսրայելին։
9 Ես քեզ հետ էի, ուր որ գնում էիր, և քո առջևից կոտորեցի բոլոր թշնամիներիդ և քո անունը պիտի բարձրացնեմ այս երկրի վրա եղող մեծերի անվան պես։
10 Եվ Իսրայելի իմ ժողովրդի համար էլ տեղ պիտի որոշեմ և նրան տնկեմ, որ այնտեղ բնակվեն, և այլևս չպիտի շարժվի, և անիրավության որդիները առաջվա պես այլևս չպիտի նեղեն նրան,
11 ինչպես եղավ իմ ժողովրդի՝ Իսրայելի վրա դատավորներ դրած օրից ի վեր. և քեզ պիտի հանգստացնեմ քո բոլոր թշնամիներից. և Տերը հայտնում է քեզ, որ Տերն է քեզ համար տուն շինելու։
12 Երբ քո կյանքի օրերը լրանան, և դու ննջես քո հայրերի հետ, քեզանից հետո պիտի բարձրացնեմ քեզանից սերած զավակիդ և նրա թագավորությունը հաստատեմ։
13 Նա է իմ անվան համար տուն շինելու, և ես նրա թագավորության աթոռը կհաստատեմ հավիտյան։
14 Ես հայր կլինեմ նրան, և նա ինձ որդի կլինի. և եթե նա անիրավություն անի, ես կպատժեմ նրան մարդկանց գավազանով և մարդկանց որդիների հարվածներով։
15 Բայց իմ ողորմությունը չեմ հեռացնի նրանից, ինչպես հեռացրի Սավուղից, որին քշեցի քո առաջից։
16 Եվ քո տունն ու քո թագավորությունը հավիտյան պիտի ապահով լինեն քո առաջ, և քո աթոռը հաստատ պիտի մնա հավիտյան"”»։
17 Եվ Նաթանը այս բոլոր խոսքերը և այս ամբողջ տեսիլքը մեկ առ մեկ ասաց Դավթին։
18 Ապա Դավիթ թագավորը գնաց նստեց Տիրոջ առաջ և ասաց. «Ո՜վ Ամենակալ Տեր, ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ տունը, որ ինձ բերեցիր մինչև այստեղ։
19 Սակայն այս էլ քո աչքին դեռ փոքր երևաց, ո՜վ Ամենակալ Տեր, և քո ծառայի տան մասին հեռավոր ժամանակի համար էլ խոսեցիր, և թող սա լինի մարդկանց կանոնը, ո՜վ Տեր։
20 Եվ Դավիթն էլ ի՞նչ ասի քեզ, որովհետև դու, ո՜վ Ամենակալ Տեր, ճանաչում ես քո ծառային։
21 Այս բոլոր մեծ բաները քո խոսքի համար և ըստ քո սրտի արեցիր, որպեսզի իմացնես քո ծառային։
22 Դրա համար որչա՜փ մեծ ես, ո՜վ Տեր Աստված, որովհետև քեզ նման մեկը չկա, և քեզանից բացի Աստված չկա՝ մեր ականջներով մեր բոլոր լսածների համաձայն։
23 Եվ ո՞ր ազգն է երկրի վրա Իսրայելի՝ քո միակ ժողովրդի պես, որին փրկելու համար Աստված ինքը եկավ, որ նրան ժողովուրդ դարձնի իր համար և փառավորի իր անունը և քո երկրում կատարի այս մեծ ու սոսկալի գործերը քեզ համար՝ Եգիպտոսից ազատված քո ժողովրդի առջևից քշելով ազգերին ու նրանց աստվածներին։
24 Եվ Իսրայելին՝ քո ժողովրդին, հավիտյան քեզ համար ժողովուրդ հաստատեցիր, և դու, ո՜վ Տեր, եղար նրանց Աստվածը։
25 Եվ հիմա, ո՜վ Տեր Աստված, այս խոսքը, որ ասել ես քո ծառայի և նրա տան համար, հավիտյան հաստատի՛ր և արա՛ ասածիդ պես։
26 Քո անունը հավիտյան թող փառավորվի, և ասեն, թե՝ “Զորությունների Տերը Իսրայելի վրա Աստված է”, և քո ծառա Դավթի տունը հաստատ մնա քո առջև։
27 Որովհետև, ո՜վ Զորությունների Տեր, Աստվա՜ծ Իսրայելի, դու հայտնեցիր քո ծառային և ասացիր. “Քեզ համար տուն պիտի շինեմ”, սրա համար էլ քո ծառան սիրտ առավ՝ քո առջև այս աղոթքը անելու։
28 Եվ հիմա, ո՜վ Ամենակալ Տեր, դու ես այդ Աստվածը, և ճշմարիտ են քո խոսքերը, և դու քո ծառային խոստացար այս բարիքը։
29 Ուստի հիմա բարեհաճի՛ր քո ծառայի տունը օրհնելու, որ հավիտյան լինի քո առջև, որովհետև, ո՜վ Ամենակալ Տեր, դու ասացիր, և քո օրհնությամբ ծառայիդ տունը հավիտյան թող օրհնյալ լինի»։